ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու հնարավորություն ընձեռել նաև ՀՀ ոստիկանությանը:
Նախագծի հեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է ոստիկանության կողմից ՀԽՎ-ի ինքնուրույն իրականացումը սեփական օպերատիվ տեխնիկական ենթակառուցվածքներով, որոնց զարգացման ուղղությամբ պետք է ներկայացվի միջոցառումների ծրագիր: Ըստ նրա՝ կխնայվի նաև ԱԱԾ-ին միջնորդությամբ դիմելու և տեխնիկական աջակցություն ստանալու ու կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը:
Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն էր տվել:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը նշել է, որ նախագծի ընդունումը ենթադրում է խոշոր ֆինանսական ծախսեր՝ ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ՀՀ ոստիկանությանն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ օրենքի նախագիծը դեկտեմբերի 10-ին առաջին ընթերցմամբ ընդունվել էր 77 կողմ և 19 դեմ ձայներով: