Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2019 թվականի գործունեության արդյունքները։
Ըստ օրակարգի` ներկայացվել են ինչպես գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների ընթացքի, այնպես էլ իրականացված այլ առանցքային ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ զեկույցներ։ Մասնավորապես՝ 2019 թվականին Ծառայությունը ընթացք է տվել 1 մլն 389 հազար 278 վարույթների, որոնց կատարման շրջանակում պահանջատերերի օգտին վերականգնվել է ավելի քան 35 մլրդ 881 մլն ՀՀ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը շուրջ 25.73%-ով:
Նշված ցուցանիշից ՀՀ պետական բյուջեի օգտին վերականգնվել է 13 մլրդ 690 մլն 509 հազար ՀՀ դրամ, իրավաբանական անձանց օգտին՝ 18 մլրդ 733 մլն 98 հազար ՀՀ դրամ, ֆիզիկական անձանց օգտին՝ 1 մլրդ 223 մլն 611 հազար ՀՀ դրամ, այլ (ոչ գույքային) բնույթի կատարողական վարույթներով՝ 1 մլրդ 471 մլն 852 հազար ՀՀ
դրամ, իսկ հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով՝ 762 մլն 643 հազար ՀՀ դրամ:
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի է ներկայացվել 11 հազար 647 լոտ՝ 12 մլրդ 197 մլն 727 հազար ՀՀ դրամ արժողությամբ, վաճառվել է 9762 լոտ՝ 3 մլրդ 62 մլն 940 հազար ՀՀ դրամ արժողությամբ։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Դավիթ Բեգինյանն ընդգծել է․ «Մենք շարունակելու ենք օրենսդրական բարեփոխումների, տեղեկատվական տեխնոլոգիաների նոր գործիքակազմի ներդրման գործընթացը Ծառայությունում, և կատարողական վարույթների շրջանակում համապատասխան կառույցների հետ փոխգործակցության ակտիվացումը, որն ուղղված է լինելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու արդյունավետության բարձրացմանը: Եվ յուրաքանչյուրս պետք է հետամուտ լինենք այդ բարեփոխումների իրականացմանը, որպեսզի ունենանք ցանկալի արդյունք՝ պահպանելով օրենքի
բոլոր կետերը: Սա է մեր առաքելությունը՝ լինել բացատրելի, արժանանալ քաղաքացու վստահությանը, իսկ աշխատանքը ծառայեցնել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության ու արդարադատության պահպանման»։