Դմիտրի Մեդվեդևը, որ հրաժարական է տվել Ռուսաստանի վարչապետի պաշտոնից, ռուսական 1канал-ին տված հարցազրույցում հորդորել է կառավարության պաշտոնանկությանը հանգիստ վերաբերվել:
«Կառավարության հրաժարականը պետք է ընդունվի բացարձակապես հանգիստ, դա անսովոր մի բան չէ»,- նախկին վարչապետի խոսքն է մեջբերում РИА Новости-ն:
Մեդվեդևը նշել է, որ կառավարության հրաժարականը տարածված պրակտիկա է ամբողջ աշխարհում: Ավելին՝ երբ կառավարությունը ձևավորվում է, նախագահն ու վարչապետը մշտապես քննարկում են հավանական հրաժարականի հարցը:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Ռուսաստանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց: Նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետի պաշտոնում Պետդումային ներկայացրեց Դաշնային հարկային ծառայության պետ Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որը հաստատվեց, և ՌԴ նախագահը նոր վարչապետին նշանակելու մասին հրամանագիր ստորագրեց:
Հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշանակվեց ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ: