Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ լիբիական հակամարտության կարգավորման վերաբերյալ Բեռլինում անցկացվող միջազգային համաժողովը հնարավորություն է, որպեսզի երկրում առկա հակամարտության բոլոր կողմերին կոչ արվի՝ վերադառնալու ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող բանակցություններին:
«Լիբիայում հակամարտությունը սրվել է վերջին ամիսներին և այժմ սպառնում է ամբողջ տարածաշրջանին: Այս հանդիպումը հնարավորություն է տալիս Մեծ Բրիտանիային՝ միջազգային գործընկերների և տարածաշրջանի երկրների հետ միասին աջակցելու հրադադարի ապահովմանն ուղղված ջանքերին և կոչ անելու՝ վերադառնալ ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցություններին»,- РИА Новости-ն հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կմասնակցի Լիբիայի հարցով Բեռլինի համաժողովին, որը տեղի կունենա հունվարի 19-ին:
Ընդհանուր առմամբ՝ հրավիրյալների թվում են Լիբիայի ազգային բանակի գլխավոր հրամանատար Խալիֆա Հաֆթարը, Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայիզ Սարաջը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ: