Այսօր լրանում է Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր հայազգի Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցը:
Դինքը լրագրող էր մի երկրում, որտեղ ազատամիտ լրագրողները հետապնդվում ու հալածվում են: Եվ որպես խաղաղության մարտիկ` նա հալածվում էր ազգայնականների կողմից:
Դինքը ծնվել է 1954 թվականին Մալաթիայում, 1961 թ. ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստամբուլ: Մեծացել է Գեդիքփաշայի հայկական որբանոցում, որի ճամբարի՝ «Քամփ Արմենի» ղեկավարումը տարիներ անց ստանձնելու էր կնոջ Ռաքել Դինքի հետ միասին:
Դինքը, ինչպես և բոլոր նրանք, ովքեր Թուրքիայում բարձրաձայնում էին Հայոց ցեղասպանության մասին, քրեական օրեսգրքի 301-րդ հոդվածով դատապարտվել է կես տարվա ազատազրկման:
Դինքը հետապնդումների է ենթարկվել հատկապես իսլամացված և ծպտյալ հայերի մասին հրապարակումների պատճառով: Հատկապես աղմկահարույց էր Աթաթուրքի հոգեզավակ, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչեի հայկական ծագման մասին բացահայտումը:
Հրանտ Դինքը սպանվել է . հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան մուտքի մոտ՝ թիկունքից հասցված հրազենային վնասվածքից: Դինքի սպանության մեղադրանքով կարճ ժամանակ անց ձերբակալվել է Օգյուն Սամասթը, որը խոստովանել է իր հանցանքը: Հանցագործությունը պատվիրված և կազմակերպված է եղել: Սպանության բացահայտմանն ուղղված քրգործը հետաքննվում է մինչև օրս: Դատավարության շրջանակներում բազմաթիվ ձերբակալություններ են տեղի ունեցել, ձերբակալվել են նաև մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, անվտանգության աշխատակիցներ:
Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի։ Սպանությունը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի վարչապետը։ 2005 թ. Դինքն արժանացել է Թուրքիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության՝ Խոսքի և խղճի ազատության ամենամյա, 2006-ին՝ Գերմանիայի «Շտեռն» ամսաթերթի հիմնադիր Հենրի Նաննենի՝ Մամուլի ազատության և լրագրողական խիզախության, Նորվեգիայի՝ Մարդու իրավունքների պաշտպանության Բյոռնսի անվան:
2007 թ. ստեղծվել է Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամ, որի ջանքերով լույս է ընծայվել նրա «Երկու հարևան ժողովուրդներ» գիրքը։ Հիմնադրամը ամեն տարի սեպտեմբերի 15-ին՝ Դինքի ծննդյան օրը, կազմակերպում է միջազգային մրցանակաբաշխություն:
Դինքի անունով Ֆրանսիայի Մարսել քաղաքում կոչվել է փողոց, իսկ Փարիզում՝ դպրոց։
2018-ին Ստամբուլի քաղաքապետարանը Շիշլիի շրջանի Մեշրութիյեթ թաղամասի Սամանյոլու փողոցը վերանվանվել է Հրանտ Դինքի անունով