Բացվեց Հոլիվուդի հայտնի Փառքի ճեմուղու 2684-րդ աստղը: Այն իրանահայ երգիչ Էնդի Մադադյանի անունով է: Ազնավուրից հետո նա երկրորդ հայազգի երգիչն է, որի անունը կլինի հոլիվուդյան աստղերի ու համաշխարհային արտիստների անունների կողքին:
Էնդի Մադադյանը, իբրև ներգաղթյալ, 1970 թվականին և 22 տարեկանում մուտք գործեց ԱՄՆ: Օրվա հաց վաստակելու համար երեկոները ելույթ էր ունենում ակումբներում, ինչը նրան հաջողություն բերեց: Հենց այդտեղ ծանոթացավ հայտնի Ջեքսոնների հետ, և այսօր էլ Փառքի ճեմուղում նրա կողքին էր փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի քույրը:
Իրանահայ երգչի այցեքարտը թավշյա ձայնն է ու էթնիկական բազմերանգ երաժշտությունը: Այդ ամենը հավաքված է 14 ալբոմներում, որ միլիոնավոր օրինակներով տարածված են աշխարհով մեկ:
Իր աստղի բացումը Էնդին բնավ պատահական չի համարում. իրանա-ամերիկյան լարվածության ֆոնին մտածում է, որ գուցե հիմա մի նոր սկիզբ լինի, նաև ստեղծագործական նոր շրջան՝ հանուն խաղաղության ու հաշտության: