Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարևորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել է, որ հանձնառու ենք ջարդերի զոհերի և նրանց ժառանգների արդարացի հատուցման գործընթացում:
Աշոտ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով իր գործընկերոջը նման ձևաչափով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստը կազմակերպելու համար, նշել է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում երկու խորհրդարանների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության կայուն հիմքեր են ստեղծվել:
Հայաստանի խորհրդարանի խոսնակն անձնապես շնորհակալություն է հայտնել Աշոտ Ղուլյանին՝ համատեղ գործընկերային աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ փոխգործակցության այս որակը կպահպանվի նաև ԱՀ նոր գումարման Ազգային ժողովի հետ սպասվող ընտրություններից հետո, որոնք պիտի լինեն ազատ, թափանցիկ և մրցակցային: