Ռուսաստանում տեղի է ունեցել իշխանության հերթափոխ՝ երկրի նախկին նախագահ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իշխանությունը հանձնում է Միխայիլ Միշուստինի ձեռքը: Ինչո՞ւ է հրաժարական տվել Ռուսաստանի ամբողջ կառավարությունը: Այս հարցին փորձում է պատասխանել բրիտանական New Statesman պարբերականը:
Հունվարի 15-ին Ռուսաստանի քաղաքականությունում տեղի ունեցան սեյսմիկ փոփոխություններ, որոնք արտահայտվում են «մեծ Եղբոր» ոճով՝ Պուտինի՝ Դաշնային ժողովին հղած ամենամյա ուղերձը հսկայական էկրաններին հեռարձակելով: Երկրի կառավարությունը հրաժարական տվեց. Ռուսաստանը ձեռք բերեց նոր վարչապետ, իսկ Չեչնիայի Հանրապետության ռազմաֆեոդալական ղեկավար Ռամզան Կադիրովն իր աշխատավայրում բացակայեց ավելի քան 24 ժամ:
Ի՞նչ է վերջերս տեղի ունեցել, և ի՞նչ է դա նշանակում երկրի համար:
Այս բառերում զգացվում է դրամատիկական լարվածություն. թեպետ Ռուսաստանի կառավարությունն իրոք հրաժարական է տվել, կաբինետի անդամները կշարունակեն աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ չի ձևավորվել նոր կառավարություն: Կառավարության հրաժարականը ոչ թե բողոքի նշան է, այլ՝ քաղաքական փոփոխությունների թեթևացում, որոնք իրականացվում են պետական մեխանիզմում կարևոր իշխանափոխության ժամանակահատվածում:
Բրիտանական պարբերականը փաստում է, որ վարչապետի պաշտոնում Մեդվեդևն իրականում այնքան շատ իշխանություն չի ունեցել ու մեծ կախվածության մեջ է եղել նախագահ Վլադիմիր Պուտինից: Ռուսաստանի վարչապետի պաշտոնում հաստատված Միշուստինը, ինչպես և Պուտինը, իր կարիերան սկսել է առանց ակնհայտ քաղաքական ակնկալիքների, մշտապես ստվերում է գտնվել, հետևաբար՝ ոչ ոք չէր ակնկալում նրա նշանակումը: New Statesman-ի հոդվածագիրը ենթադրում է, որ 53-ամյա Միշուստինը, ինչպես և Մեդվեդևը կդառնա այդ պաշտոնն այսպես ասած «պահողը»:
Խեղճ, հարուստ Մեդվեդև. մշտապես քավության նոխազ պուտինյան ռեժիմի համար: Նա պատասխանատվություն էր կրում Ռուսաստանի բարեկեցության մակարդակի անհավասարության համար: Նա խորհրդանշում էր երկրի ներքին բազմաթիվ խնդիրները, որոնց հետ բախվում է երկրի սովորական քաղաքացին: Այժմ Մեդվեդևը կզբաղեցնի Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ դա արդեն պաշտոնի զգալի իջեցում է:
Պարբերականը նշում է, որ Պուտինը հայտարարել է սահմանադրական աննախադեպ փոփոխությունների մասին, որոնց մի մասը կսահմանափակի հաջորդ նախագահի լիազորությունները: Սա նշանակում է, որ 2024-ից հետո երկրի նոր նախագահը հավանաբար կենթարկվի ինչ-որ մեկին կամ որևէ մարմնին՝ հավանաբար խոսքը Պետական խորհրդի մասի է, որն ապագայում ավելի մեծ դերակատարում է ունենալու:
Պարբերականը գրում է, որ գլխի մազերն ու մորուքն ապշեցուցիչ դերակատարում են ունեցել Ռուսաստանի քաղաքական պատմության ընթացքում: Ահա թե ինչպես է եղել այդ իրողության հերթականությունը՝ ճաղատ, մազերով, ճաղատ, մազերով: Եթե մենք Պուտինին համարում ենք «ճաղատ», ապա Մեդվեդևն ու Ելցինը՝ «մազերով», ապա դա նշանակում է, որ հաջորդ նախագահը՝ համապատասխան տարածված նախապաշարմունքի, պետք է գլխին շատ մազեր ունենա: Միշուստինը չի կարող դրանով պարծենալ: Հետևաբար, նա դժվար թե դառնա Պուտինի իրավահաջորդը:
Քիչ հավանական է, որ Ռամզան Կադիրովը որևէ առնչություն ունենա Ռուսաստանում զարգացող իրադարձությունների հետ: Ավելի հավանական է, որ ինքն է իրեն ներառել այդ երկխոսության մեջ, անկախ Կրեմլի կամքից: Կադիրովի քարտուղարը հայտնել էր Չեչնիայի ղեկավարի ժամանակավոր անհասանելիության մասին, ինչը որոշ ասեկոսեների տեղիք էր տվել այն մասին, թե Կադիրովը մեծ դերակատարում է ունենալու Ռուսաստանի նոր կառավարության ձևավորման գործում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կադիրովն առողջական խնդիրներ է ունեցել: