Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երևանի և Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։
ԱԱՏՄ-ն ամենօրյա պարբերականությամբ ՀՎԿԱԿ-ից ստանում է դպրոցական և նախադպրոցական հաստատություններում ջերմաստիճանի շեղումների վերաբերյալ տեղեկատվություն։ Ըստ այդմ՝ հունվարի 8-14-ը ներառյալ արձանագրված ջերմաստիճանային ցուցանիշները մի շարք դպրոցներում չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2017 թ․ մարտի 28-ի N12-Ն հրամանով հաստատված սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին։
Վարույթները հարուցվել են Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան հ․ 177, Մուշեղ Մխոյանի անվան հ․ 68, Րաֆֆու անվան հ․ 36, Միսաք Մեծարենցի անվան հ. 146 և հ. 136 հիմնական դպրոցներում, Կոտայքի մարզում գործող Հրազդանի հ․ 10 ավագ դպրոցում, Ջրառատի, Փյունիկի, Ֆանտանի, Կամարիսի, Ազատ Սիմոնյանի անվան և Կապուտանի միջնակարգ դպրոցներում։ Այս հաստատություններում ԱԱՏՄ զննումները շարունակվում են։
Մինչև ջեռուցման շրջանի մեկնարկը ԱԱՏՄ ղեկավարի անունից պատկան մարմիններին ուղարկվել են գրություններ՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցառումներ հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների պահպանումն ապահովելու համար։ Իսկ ձմեռային արձակուրդներից հետո՝ դասերը սկսվելու նախօրեին, ԱԱՏՄ-ն կրկին հիշեցրել ու իրազեկել է դպրոցներում և մանկապարտեզներում ջերմային ռեժիմի պահպանման անհրաժեշտության ու նորմերի մասին։
Հատկապես մարզային ուսումնական հաստատություններում ջերմային ռեժիմը երբեմն խախտվում է խիստ օբյեկտիվ պատճառներով։ Այս առումով ԱԱՏՄ-ն որդեգրել է գործընկերային քաղաքականություն, որի համաձայն՝ արձանագրված խնդիրների մասին տեղեկացվում է նաև այն պատկան կառույցներին, որոնց ենթակայությամբ գործում են դպրոցները, անհրաժեշտության դեպքում տրվում է խորհրդատվություն։ Վարույթ հարուցվում է այն հաստատությունների նկատմամբ, որտեղ շարունակաբար ցածր ջերմաստիճան է արձանագրվում։
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված ջեռուցման նորմերի պահպանումը հնարավորություն կտա խուսափել սովորողների շրջանում մրսածության գործոնով պայմանավորված հիվանդությունների առաջացումից և տարածումից։
Սահմանված կարգով ԱԱՏՄ կողմից վարչական վարույթների հարուցումը կրում է շարունակական բնույթ։ Մարզային դպրոցների մասով ստացված տեղեկատվության հիման վրա ձեռնարկվում են համապատասխան քայլեր, որոնց մասին կիրազեկվի։