ՀՀ տարածքում թուլացող ցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ և ԱՀ տարածքներում։
Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 05:28-ին, Հայաստանի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ։ Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ։
«Այսպիսով՝ հունվարի 18-ին գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ։ Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է»,- ասված է հաղորդագրության մեջ: