Հայաստանի Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հատուկ նիստին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ելույթում ընդգծել է, որ Բաքվում հայերի ջարդերը ադրբեջանահայության էթնիկ զտման վերջին ծանր հարվածն էր: Նա նշել է, որ, ցավոք, առ այսօր չկա հստակ թիվ, թե քանի՛ զոհ ու վիրավոր են եղել այդ ժամանակ:
«Մարդկային պատմությունների առումով, մարդկային ողբերգության առումով մեկ զոհը, մեկ վիրավորը ևս մեկ ընտանիքի դժբախտություն է: Այդ պատճառով մենք բոլորս պետք է հետամուտ լինենք, որպեսզի ավելի հստակորեն փաստաթղթավորենք հետևանքները Բաքվի ջարդերի և ընդհանրապես ադրբեջանահայության կոտորածների: Այդ փաստաթղթավորումը կօգնի մեզ կանխարգելման հարցում, պատժիչ աշխատանքների, հետևանքների վերացման հարցում»:
«Իմ և տարբեր փորձագետների հետազոտությունները, գնահատականը ցույց են տալիս, որ ադրբեջանահայության բռնագաղթը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայով ցեղասպանություն հանցագործության սահմանմանը: Այդ պատճառով մենք հանգիստ կարող ենք ասել, որ ցեղասպանական գործողություններ են տեղի ունեցել»,- ասել է Բեգլարյանը: