ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հատուկ նիստին Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանի տարբեր տարիների իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության մասին իմանալու համար իրեն հեռու գնալ պետք չէ. «Իմ տատը, որը արցախցի էր, որբացել է 1920 թվականի Շուշիի ջարդերի հետևանքով»- նշել է Ռուբինյանն, ընգծելով, որ մայրը ծնվել և իր կյանքի առաջին տարիներն անցկացրել է Բաքվում և ճակատագրի հեգնանքով փրկվել է Բաքվի ջարդերից, քանի որ ընտանիքով տեղափոխվել են Երևան: Ռուբինյանը նշել է, որ իր ընտանիքի դեպքով կարելի է հստակ տեսնել այն հակահայկական գիծը, որը Ադրբեջանն իրականացրել է հայության հանդեպ բոլոր պետական տարածքային կազմավորումների ընթացքում:
Ռուբինյանը նշել է, որ այսօր Ադրբեջանում շարունակվում է հակահայկական քաղաքականությունը, քանի որ այնտեղ վերացվում է հայկական մշակութային ժառանգությունը, պատմական կոթողները, «յան» ազգանունը կրող անձինք չեն կարող մուտք գործել Ադրբեջան, նույնիսկ եթե նրանք ՀՀ քաղաքացի չեն, էթնիկ հայ չեն: «Սա խայտառակություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ քաղաքակիրթ հանրության համար: Հայատյացության կանխարգելումը պետք է լինի աշխարհի հարցը»,- ընդգծել է Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյանը նաև նշել է, որ շարունակելու են բարձրաձայնել Ադրբեջանում տարվող հակահայկական, նացիստական քաղաքականության հարցը միջազգային հարթակներում:
«Բոլոր այն տարածքներում, որոնք եղել են Ադրբեջանական ԽՍՀ վերահսկողության ներքո, 100 տոկոսով այդ տարածքներում հայեր չկան, բացառությամբ մի տարածաշրջանի, որն Արցախն է: Միակ պատճառը, որ Արցախում շարունակում են ապրել հայերը, այն է, որ Արցախն ինքնորոշվել է և դուրս է եկել Ադրբեջանի իշխանությունների վերահսկողությունից, արցախցիները չեն ապրում Ադրբեջանի իշխանությունների վերահսկողության ներքո: Ադրբեջանին պետք է Արցախը որպես տարածք՝ առանց մարդկանց: Ադրբեջանը նպատակաուղղված քաղաքականություն է որդեգրել հայերին բնաջնջելու իրենց պատմական հայրենիքի այս հատվածից»,-նշել է Ռուբինյանը:
Նա իր ելույթում նշել է, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը զիջման ենթակա չէ Ադրբեջանի հայատյաց և բռնապետական ռեժիմին: