ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հատուկ նիստը, որը նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին, մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով այդ ջարդերին զոհված հայերի հիշատակը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ ուղիղ 30 տարի առաջ այս օրերին Բաքվում իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ տեղի ունեցան պատմությունից մեզ ցավալիորեն շատ ծանոթ իրադարձություններ՝ հայերի ջարդեր: Հազարավորները ստիպված եղան լքել իրենց տները և կյանքը շարունակել փախստականի կարգավիճակում: Այդ մարդիկ սպանվեցին, հալածվեցին միայն այն պատճառով, որ հայ են, հայկական պատկանելություն ունեն:
Միրզոյանը նշեց, որ նիստի ընթացքում ելույթ կունենան խորհրդարանականներ, մարդու իրավունքների պաշտպաններ և այդ մեծ ողբերգությունը վերապրածներ: ԱԺ նախագահն ընդգծեց, որ Արցախի գոյության միակ հնարավոր ճանապարհն Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է: