Իրանի Գերագույն առաջնորդ, 80-ամյա Ալի Խամենեին վերջին ութ տարվա ընթացքում առաջին անգամ է անցկացրել ուրբաթօրյա աղոթքը, որի ընթացքում ուղերձով դիմել է համայն ազգին:
Այս մասին տեղեկացնում է FARS-ը, հավելելով, որ Խամենեին իր ժողովրդին բացատրել է 2020 թվականի հունվարի 8-ին կատարվածը, երբ Թեհրանը հրթիռակոծեց ԱՄՆ ռազմաբազաներն Իրաքում:
Իրանի գերագույն առաջնորդն այդ օրը որակել է՝ որպես «Աստծո օր», երբ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ապտակ հասցրեց Ամերիկայի ամբարտավանությանը»: Խամենեին իր ուղերձում շեշտել է, որ այդ օրն իրանական ժողովուրդն «առաջնորդվել է Ալլահի կամքով»:
Խոսելով «Ղոդս» ուժերի մասին՝ Խամենեին հայտարարել է, որ այն «մարդասիրական կազմակերպություն է՝ ազնիվ նպատակներով և մարդասիրական արժեքներով»:
«Նրանք մարտիկներ են, որոնք սահմաններ չեն ճանաչում և կլինեն այնտեղ, որտեղ նրանց անհրաժեշտությունը կզգացվի: Նրանք պահպանում են բոլոր ճնշվածների արժանապատվությունը ... և շտապում են օգնության հասնել բոլոր նրանց, որոնք տարածաշրջանում ճնշված են և նվազ արտոնյալ դիրքեր ունեն»,-հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդը՝ հընթացս նաև քաջ նահատակ Սոլեյմանիի սպանությունը որակելով՝ որպես «վախկոտի գործողություն»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում և Իսրայելում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ուժերը հայտարարվել են «ահաբեկչական կազմակերպություն»: