Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հատուկ նիստի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Ադրբեջանում հայաֆոբիան սպառնալիք է դարձել ամբողջ տարածաշրջանի համար:
«Ադրբեջանը որևէ ռեսուրս չի խնայում Արցախի խնդիրն ընդամենը տարածքային վեճ ներկայացնելու համար, ինչի հետևանքով միջազգային կառույցները շատ դեպքերում չեն փորձում խնդրին նայել մարդու իրավունքների պրիզմայով: Կարծում եմ՝ մեր երկու խորհրդարանները միջազգային կառույցների հետ աշխատելու որոշակի նոր մոտեցումներ պիտի մշակեն, որում առանցքը կլինի մարդու, տվյալ դեպքում՝ արցախցու արժանավայել և անվտանգ ապրելու իրավունքը»: