«Վարչապետի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումներն արդեն ավանդական են դարձել, դրանք շարունակական են լինելու, ուստի որևէ ենթատեքստ փնտրել պետք չէ», - ՔՊ կուսակցության գրասենյակում լրագրողներին ասել է ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են 2019-ի իրադարձությունները, կատարված աշխատանքները, խոսել են 2020-ի տեսլականից, վարչապետը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ կառավարության ղեկավարն ասել է, որ գոհ է խորհրդարանի աշխատանքից: Անդրադառնալով գազի սակագնի հնարավոր փոփոխությանը՝ Սիմոնյանն ասել է, որ ռուսական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, և, ինչպես նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ այս պահին սպառողի համար գազի գնի փոփոխության հարց դրված չէ:
Նա հայտնել է նաև, որ վարչապետի հետ հանդիպմանը Սահմանադրական բարեփոխումների հարց չի քննարկվել:
Անդրադառնալով պետական հեղաշրջման փորձի լուրերին, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարություններին՝ Սիմոնյանը պատասխանել է.
«Ես չեմ վերաբերվում դրան որևէ կերպ, այդ հարցն իմ օրակարգում չկա և ինձ չի հետաքրքրում: Նման հարց օրակարգ բերելու պատճառն այն է, որ իրականում քաղաքացիներին հուզող մեծ խնդիր չկա»: