Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ աուդիոձայնագրության սկանդալից հետո նա որոշել է ևս մի հնարավորություն տալ վարչապետին ու իր կառավարությանը, բայց՝ պայմանով:
«Ես Ձեզնից հրաժարականի վերաբերյալ դիմում եմ ստացել՝ կապված վերջին կոնֆլիկտային իրավիճակի, կամ սկանդալի հետ…որոշեցի Ձեզ և կառավարությանը հնարավորություն տալ, եթե որոշ խնդիրներ լուծեք, որոնք խիստ մտահոգում են հասարակությանը»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին տեսանյութում, որը նրա գրասենյակը հրապարակել է Facebook-ում:
Նշվում է, որ դրված առաջադրանքների շարքում նախարարների և պետական ընկերությունների աշխատավարձերի նոր հայեցակարգն է: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է գրել՝ այն հանձնելով երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Վարչապետը բացատրել էր, որ նման որոշում է կայացրել սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո, որտեղ, իբր, ասում է, որ Զելենսկին ունի «տնտեսական գործընթացների պարզունակ պատկերացում»: Գոնչարուկը չէր հերքել իր մասնակցությամբ զրույցը, բայց պնդել էր, որ այն մոնտաժված է: Դրանից հետո հաղորդվեց, որ նախագահ Զելենսկին իրավապահ մարմիններին երկու շաբաթվա ընթացքում հանձնարարել է՝ պարզել, թե ով է հրապարակման հեղինակը: