Եվրամիությունն ուշի ուշով հետևում է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք տեսնո՞ւմ է Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնման տարրեր։
«Բնականաբար, Եվրոպական միությունը միջազգային այլ կառույցների նման ուշի ուշով հետևում է ՍԴ շուրջ զարգացումների ընթացքին, սակայն ընթացիկ գործերը մենք չենք մեկնաբանում»,- նշեց դեսպանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ էական ջանքեր են գործադրվում, և ԵՄ-ն սատարում է դրան:
«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը գիտեմ արդեն մոտ 10 տարի, աշխատել եմ առաջին օմբուդսմենի հետ և հետաքրքրություն ու սերտ համագործակցություն եմ տեսնում մարդու իրավունքների պաշտպանության հարցերում»,- ասաց Ա.Վիկտորինը։