«Ապշահար արեց այս լուրը հա՛մ ինձ, հա՛մ իմ գործընկերներին»,- անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի մահվանը՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մամուլից տեղեկացել եմ, ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել բարեկամներին և հարազատներին այդ դեպքի հետ կապված։ Չգիտեմ՝ ինչ ասեմ, վստահ եմ, որ շատ շուտով, մոտ ապագայում մենք կիմանանք այս ամենի մանրամասները»,- ասել է Սիմոնյանը։
«Կուտոյանի մահը կապվա՞ծ էր ԱԱԾ նախկին ղեկավար լինելու հետ» հարցին Սիմոնյանը պատասխանել է, որ, իր կարծիքով, Կուտոյանն այնպիսի ժամանակահատվածում չի աշխատել, այնպիսի բեռ չի կրել, որ դա տանի ինքնասպանության: «Խոսքը վերաբերում է մարդու կյանքին, և անկախ նրանից՝ թե ինչ պաշտոն է զբաղեցրել, ես չեմ կարծում, որ այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել կամ այնպիսի բեռ է կրել, որ այդ բեռը տանի ինքնասպանության կամ սպանության։ Դրանք տարբեր մեկնաբանությունների և հետևությունների առիթ են։ Եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ կասի նախաքննող մարմինը, հասկանանք՝ ինչն է պատճառը եղել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում՝ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում, հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։