ԱՄՆ բանակը վերսկսել է ռազմական գործողությունները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ՝ արհամարհելով Իրաքի խորհրդարանի կողմից իր զորքերի դուրսբերման պահանջը: Այս մասին, Rudaw-ի փոխանցմամբ, հաղորդել են ԱՄՆ ԶՈՒ պաշտոնական ներկայացուցիչները:
Ըստ նրանց՝ անհրաժեշտ էր հնարավորինս ավելի շուտ գործի անցնել, որպեսզի ջիհադիստները իրավիճակից չօգտվեին ու չձգտեին իրենց ազդեցությունն ուժեղացնել:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, առայժմ անհայտ է՝ արդյո՞ք, գործողությունների վերսկսումը համաձայնեցված է իրաքյան իշխանությունների հետ: Մյուս կողմից՝ վերսկսվել է նաև ամերիկացիների կողմից իրաքյան զորքերի վերապատրաստումը, ինչն արդեն հնարավոր չէր լինի առանց Իրաքի կառավարության համաձայնության:
Լուրը զայրացրել է իրաքցի խորհրդարանականներին, իսկ իրանամետ ուժերը «Քաթաիբ Հըզբոլլահի»-ի հետ մեկտեղ հայտարարություն են տարածել, որ եթե ամերիկյան զորքերը խաղաղ ճանապարհով չլքեն Իրաքը, նրանց դեմ զինված դիմադրության արշավ է սկսվելու: