Ազգային անվտանգության ծառայությունը, որպես առաջնահերթություններից մեկը դիտարկելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ ուղղված պայքարը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թթ. ընթացքում շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք։ Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ-ից:
Ստացված փաստական տվյալների համաձայն՝ Երևան համայնքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը նախկինում զբաղեցրած անձը ազգականի անվամբ սեփականաշնորհված, 300.000 ԱՄՆ դոլար արժեցող, 377 քառ. մ մակերեսով՝ Վաղարշյան փողոցի կաթսայատներից մեկը կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչին՝ բազմաբնակարան շենքի կառուցապատման համար, 2013 թ. առաջարկել է իրենից ձեռք բերել շուկայականից էականորեն էժան՝ 62 միլիոն ՀՀ դրամով: Պաշտոնատար անձը նշված գործարքի դիմաց առաջարկել է նաև կառուցվելիք բազմաբնակարան շենքից Երևանի քաղաքապետարանի մի շարք իրավասու պաշտոնատար անձանց որպես կաշառք հատկացնել 430.000 ԱՄՆ դոլարին համարժեք 500 քառ. մ ընդհանուր մակերեսով բնակարաններ, առևտրային տարածքներ և 4 ավտոկայանատեղի՝ հակառակ դեպքում վերջիններիս անունից սպառնալով պաշտոնեական լիազորությունների շրջանակներում առավելագույնս խոչընդոտել տնտեսվարող սուբյեկտի ձեռնարկատիրական գործունեությանը։
Շորթման արդյունքում ոտնահարվող իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչը ստիպված համաձայնել է և 120.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումարով գնված հիշյալ տարածքում բազմաբնակարան շենք կառուցելուց հետո՝ 2015-2017 թթ., շորթող անձանց որպես առանձնապես խոշոր չափերով կաշառք հանձնել է պահանջված անշարժ գույքը՝ կնքելով առուվաճառքի պայմանագրեր նրանց մատնանշած անձանց հետ։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։