Մարդու իրավունքների պաշտպանն այսօր «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները և ժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկում է անցկացնում։ Լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ քննարկումն առնչվում է խոշտանգումների կանխարգելման ոլորտի իրավական չափանիշներին և «Ազատազրկվածի իրավախորհրդատու» ավտոմատացված համակարգին:
«Երկուսն էլ առաջին անգամ են ներդրվում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից և, ընդհանրապես, աշխարհի մակարդակով նման նախաձեռնություններ օմբուդսմենների կողմից քիչ են լինում: Առաջինը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի իրավական չափանիշների ստեղծմանը: Դրանք մարդու իրավունքների պաշտպանի այն սկզբունքներն են, որոնցով մենք ղեկավարվում ենք մարդու իրավունքների ոլորտում խախտումներ արձանագրելիս»,- նշել է ՄԻՊ-ը:
Արման Թաթոյանն ընդգծել է, որ առաջին փորձը վերաբերում է ազատությունից զրկման վայրերին, և փաստաթուղթը կազմվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, մյուս բոլոր միջազգային կազմակերպությունների, դատական ատյանների, նաև ՄԻՊ-ի գործունեության արդյունքների հիման վրա:
«Դրանով հանդերձ՝ մենք հավակնում ենք նշել նաև, որ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները, փաստաթղթերը ևս իրավունքի աղբյուր են, և այդ փաստաթուղթը օգտակար է ոչ միայն քաղաքացիների համար, այլ նաև դատավորների, դատախազների, քննիչների: Այն կնպաստի իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը»,- ասել է Թաթոյանը:
Անդրադառնալով առցանց էլեկտրոնային իրավախորհրդատու ավտոմատացված համակարգի ստեղծմանը՝ Թաթոյանն ընդգծել է, որ այն հասանելի է հայերեն և անգլերեն տարբերակով: «Յուրաքանչյուրը ֆեյսբուքի իր «մեսենջեր» բաժնում կարող է գտնել համակարգը «Ազատազրկվածի իրավախորհրդատու» որոնելով: Այնտեղ կա 300-ից ավելի հարցի պատասխան՝ ավտոմատացված համակարգի հիման վրա»,- նշել է ՄԻՊ-ը:
Նախաձեռնությունները ներդրվել են Եվրամիության, ՄԱԿ-ի գործընկերների աջակցությամբ ու փորձագետների ներգրավմամբ: ՄԻՊ-ը նաև ընդգծել է, որ ներդրված համակարգը Ֆեյսբուք սոցիալական ցանցի կողմից պաշտոնապես հաստատված է:
Ծրագրի նպատակն է իրազեկման աշխատանքները բարձրացնել, կանխարգելման ուղղությամբ աշխատանքները մեծացնել, քանի որ համակարգում հարցեր կան՝ սկսած ազատությունից զրկման ամենասկզբնական պահից, երբ փողոցում ոստիկանության ծառայողը մոտենում է մարդուն, և նա այլևս չի կարողանում ազատ տեղաշարժվել, մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը: Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ ազատությունից զրկման վայրերի հետ կապված դրական տեղաշարժեր կան, բայց համակարգային բնույթի խնդիրները շատ են: