Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ներկայումս փախուստի մեջ գտնվող արդարադատության գեներալ Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված ընկերությունները անցյալ տարեվերջին մեկը մյուսի հետևից դատարաններում հաղթել են Պետեկամուտների կոմիտեին։ ՊԵԿ-ը, մասնավորապես, 2018-ի ընթացքում մի քանի ակտ է կազմել Պողոսյանի հետ փոխկապակցված ընկերությունների դեմ։ Վարչական դատարանը դրանք անվավեր է ճանաչել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
2018-ի հուլիսին ՊԵԿ-ը հաղորդեց, որ արևադարձային մրգերի ներկրմամբ ու մանրամեծածախ առևտրով զբաղվող «Քեթրին գրուպը», ՊԵԿ-ում քննվող քրեական գործի համաձայն, 600 միլիոն դրամ լրացուցիչ հարկ է վճարել։ ՊԵԿ-ը, սակայն, նույն հաղորդագրության մեջ հայտնել էր, որ քրեական գործի վարույթը շարունակվում է, և հարկային համալիր վերստուգումներ են նշանակվել։
Ուշագրավ է, որ ՊԵԿ-ը ստուգումներ սկսել է «Քեթրին գրուպում» Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու նախորդ օրը՝ մայիսի 7-ին, և ավարտել մայիսի 11-ին։ Հուլիսից ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հանձնարարագրի հիման վրա Միհրան Պողոսյանի ընկերություններում համալիր վերստուգումներ են սկսվել։
Պողոսյանի հիմնադրած «Մաքսֆրուտ» ընկերությունը հոկտեմբերի 31-ին դիմել է վարչական դատարան ու պահանջել անվավեր ճանաչել ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչության վերստուգման ակտը։
1lurer.am-ին դատական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ըստ ՊԵԿ-ի՝ ընկերությունն իր վարկային պարտավորությունները կատարելու համար հարկման բազան նվազեցրել է, հարկային կեղծ տվյալներ ներկայացրել, իսկ իրացման շրջանառությունն էլ չի հիմնավորվել։ Կազմված ակտով ՊԵԿ-ը «Մաքսֆրուտին» հայտնել է. ընկերության շրջանառությունների վերահաշվարկից պարզ է դառնում, որ 2016-ի ապրիլին «Մաքսֆրուտը» ավելացված արժեքի հաշվարկում պակաս է հաշվարկել մոտ 193 միլիոն, իսկ մայիսին՝ 38.5 միլիոն դրամ:
ՊԵԿ-ն ուսումնասիրել է բանանի և նարնջի գները տարբեր տնտեսվարողների մոտ։ Կազմված ակտի վերաբերյալ Պողոսյանի ընկերությունն առարկություններ է ներկայացրել, որոնք ՊԵԿ-ի կողմից հաշվի չեն առնվել, իսկ դատարանում հայցվորը հայտարարել է, թե հայտնի չէ՝ ընկերությունն օրենքի ինչ խախտում է թույլ տվել, հարկային հայտարարագրերում ինչ կեղծիք կատարել և այլն։ Ավելին՝ «Մաքսֆրուտը» դատարանին տեղեկացրել է, որ ընկերությունում վերստուգում իրականացնող 15 ՊԵԿ աշխատակիցներից 3-ը չեն ստորագրել կազմված ակտը։
Պողոսյանի ընկերության ներկայացուցիչները «անիրավաչափություն» են որակել այն, որ ՊԵԿ-ը, հարկային հաշվարկի ժամանակ ապրանքի միջին գին որոշելիս, հիմնվել է ազգային վիճակագրական ծառայության և 7 տնտեսվարող սուբյեկտների տրամադրած տվյալների վրա, «քանի որ այն հիմնված չէ որևէ նորմատիվ պահանջի վրա»։ Դեկտեմբերի 19-ին վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը անվավեր է ճանաչել Պողոսյանի ընկերության նկատմամբ կազմված վերստուգման ակտը։
Պողոսյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ «Ֆրուտ վորլդը», 2018-ի հոկտեմբերի 31-ին դարձյալ վարչական դատարանում վիճարկել է ՊԵԿ վերստուգման ակտը։ «Մաքսֆրուտի» և «Ֆրուտ վորլդի» տնօրենը նույն անձն է՝ Հրանտ Նազարյանը։ Դատարանում պատասխանողը՝ ՊԵԿ-ի ներկայացուցիչները, նշել են, որ հայցվորի ներկայացուցիչները հաստատել են, որ իրենք կեղծ հարկային տվյալներ են ներկայացրել։
Ցուցմունքում նշվում է.
Հայցվոր ընկերության տնօրեն Վարդգես Եղիշի Նազարյանը 06.07.2017 թվականին մահացել է, իսկ վերջինիս փոխարինած Հրանտ Վարդգեսի Նազարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ընկերության ստուգման ակտով արձանագրված խախտումները թույլ են տրվել հոր՝ Վարդգես Եղիշի Նազարյանի կողմից տնօրեն հանդիսացած ժամանակահատվածում, իսկ դրանից հետո՝ իր կողմից: Ցուցմունքում նշվում է նաև, որ ընկերությունը մեծ վարկային պարտավորություններ ուներ, որոնք մարելու համար դրամական միջոցներ էին անհրաժեշտ, այդ պատճառով էլ նախ հայրը, ապա նաև ինքը որոշել են այդպես՝ հարկման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում հարկման բազան նվազեցնելու միջոցով գումար տնտեսել:
Այս դեպքում ևս ՊԵԿ-ը նարնջի, կիվիի, բանանի միջինացված գների վերաբերյալ տվյալներ է հավաքել վիճակագրական ծառայությունից և 7 այլ տնտեսվարողներից։ Ի դեպ, նրանցից մեկը նշված ապրանքների գների մասին տեղեկատվություն տրամադրելիս ՊԵԿ-ին այլ տվյալ է ներկայացրել, իսկ «Ֆրուտ վորլդին»՝ այլ։ Ըստ ՊԵԿ-ի՝ «Ֆրուտ վորլդը» պակաս իրացման շրջանառություն է հաշվարկել մոտ 250 միլիոն դրամի չափով, իսկ ավելացված արժեքի հարկի գծով, ըստ ՊԵԿ-ի, պետբյուջե գանձման ենթակա է եղել 89 միլիոն դրամ։ Դատարանն անհիմն է համարել վիճակագրական ծառայությունից և այլ տնտեսվարողներից գների համադրելիության մասին փաստարկը, իսկ հարկային լրացուցիչ պարտավորությունների պահանջը համարել «օրենքի սխալ կիրառման ու սխալ մեկնաբանման արդունք»։ Դեկտեմբերի 6-ին ՊԵԿ-ի կազմած ակտը Պողոսյանի ընկերության նկատմամբ ամբողջովին անվավեր է ճանաչվել դատավոր Գրիգոր Առաքելյանի կողմից։
Մինչ այս երկու վճիռները Պողոսյանի մեկ այլ ընկերության՝ «Քեթրին գրուպի» ներկայացուցիչներին դեռ հոկտեմբերին հաջողվել էր հասնել ՊԵԿ-ի մեկ այլ ակտի անվավեր ճանաչման, որը դարձյալ վերաբերում էր կեղծ հարկային տվյալներ ներկայացնելուն։ Այս դատական գործում առկա է մեկ այլ դրվագ ևս. ըստ ՊԵԿ-ի «Քեթրին գրուպը» 2 տրանսպորտային միջոց իրական արժեքից էականորեն ցածր ձևակերպելով օտարել է։ Դատարանն իր հերթին նշել է, որ ՊԵԿ-ը չի փորձել հայտնաբերել այդ մեքենաների իրական արժեքները, ուստի ՊԵԿ-ի պնդումը, թե դրանք օտարվել են իրական արժեքից ցածր գնով, դատարանը չի ընդունել։
Անցյալ տարվա ապրիլի 15-ին արդարադատության գեներալ Միհրան Պողոսյանին առաջադրվեց մեղադրանք պաշտոնեական դիրքի չարաշահմամբ խոշոր չափերի գույք հափշտակելու, վատնման հատկանիշներով։ Ըստ ՀՔԾ-ի՝ վատնված գումարը կազմում է մոտ 45 միլիոն դրամ։ Պողոսյանը ներգրավված է նաև օֆշորային սկանդալի գործում ու ըստ ՀՔԾ-ի՝ Պանամայում հիմնելով ու հովանավորելով ընկերություն՝ ԴԱՀԿ-ի կողմից այդ ընկերությանն է փոխանցել մոտ 44 միլիոն դրամ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում։ Պողոսյանն այժմ Ռուսաստանում է, իսկ ՌԴ դատախազությունը հնարավոր չի համարել նրա արտահանձնումը Հայաստանին։