Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու թեմայով:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ գործող օրենքը հնացած է և չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանում ստեղծված նոր իրողություններին և տրամաբանությանը:
«Երեք ուղղություններով եմ ես պատկերացնում օրենքի տրամաբանությունն ու բովանդակությունը: Այն լուծելու է եթերի տեխնիկական խնդիրներ, բովանդակություն: Բացի այդ, դրանում հստակ պետք է արձանագրված լինեն, թե ի՛նչ կրթական և մշակութային բաղադրիչ պետք է դրված լինի օրենքի նախագծում»,- ասել է Հայրապետյանը:
Հեռուստատեսության, ռադիոյի, մամուլի և տեղեկատվության ոլորտների ենթահանձնաժողովի նախագահ Վահագն Թևոսյանի խոսքով՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի առկա տարբերակը փոփոխությունների և լրացումների կարիք ունի՝ պայմանավորված պարզ տեխնիկական պատճառներով և տեսալսողական ծառայությունների մեդիաոլորտում վերջին տարիներին ի հայտ եկած մի շարք իրողություններով: Թորոսյանն անդրադառնալով ոլորտի մի շարք խնդիրներին նշել է, որ օրենքը պետք է խստացվի:
«Միջազգային փորձագետների հետ քննարկումների ժամանակ նրանց կողմից պարբերաբար շեշտվում է մեդիաների ֆինանսական թափանցիկության և իրական սեփականատերերի բացահայտման անհրաժեշտությունը: Ընդհանրապես, միջազգային փորձագետների կողմից մեդիան դիտարկվում է որպես այնպիսի ուժեղ ազդեցության գործիք, որը պետք է ունենա ֆինանսական նույնքան թափանցիկություն, որքան պետական կառավարման համակարգը: Մասնավոր կապիտալի և իշխանության սերտաճման միջոցով աշխատող համակարգի դեպքում հանրային թափանցիկությունը չի դիտարկվում որպես անհրաժեշտություն, քանի որ կարող է խոչընդոտել համակարգի աշխատանքը: Սակայն մենք այժմ այլ իրականությունում ենք ապրում, որտեղ ֆինանսական թափանցիկությունը պետք է առաջնային նշանակություն ունենա, անկախ տնտեսվարողի հայացքներից կամ կարգավիճակից»,- ասել է Թորոսյանը: