Կառավարությունն այսօր հաստատեց օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում է, որ թաղման նպաստ կարող է վճարվել նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ 18 տարին լրացած անձի՝ կերակրողի կորցնելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից հետո վեց ամսվա ընթացքում, ուսումնական հաստատությունից տեղեկանք ներկայացնելու դեպքում, նպաստը վերականգնվում է:
Նախագծով հստակեցվում է նաև, որ հաշմանդամություն ունեցող երեխայի հաշմանդամության նպաստ ստանալու իրավունք ունեցող ծնողի մահվան դեպքում, ներկայացված դիմումի հիման վրա, նպաստը վճարվում է մյուս ծնողին: Նպաստառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ավելացվում է նաև օտարերկրյա պետությունում մահացած անձանց դեպքում նախատեսվող համապատասխան փաստաթուղթը, իսկ 3 ամսվա ընթացքում վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելն անձի մահվան դեպքում այդ հանձնաժողովից տրված տեղեկանքը ներկայացնելը: