Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը խոսել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի արհեստավարժության մասին, որի թեկնածությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է վարչապետի պաշտոնում:
«Դումայում Միշուստինի թեկնածության մասին գիտեն: Այս մարդն ի՛նքն է իրեն երաշխավորել, եթե կուզեք, փաստացի զրոյից ստեղծելով Դաշնային հարկային ծառայությունը՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն»,- Վոլոդինի խոսքն է մեջբերել ՏԱՍՍ-ը:
Պետդումայի խոսնակը շեշտել է, որ ինքը Միշուստինին ճանաչում էր 1999 թվականից:
«Այս մարդը պրոֆեսիոնալ է, պրոֆեսիոնալ՝ ինչպես ֆինանսների, այնպես էլ հարկային օրենսդրության ոլորտում: Նա այն անձն է, որը լավ գիտի տարածաշրջանային առանձնահատկությունները»:
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին, Ռուսաստանի նախագահի՝ Դաշնային ժողովին հասցեագրված ուղերձից հետո, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց իր և կառավարության կազմի հրաժարականի մասին:
Պետության ղեկավարը կառավարությանը խնդրեց կատարել պարտականությունները՝ մինչև նոր կառավարության ձևավորումը: Միաժամանակ, Պուտինը Պետդումային ներկայացրեց Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, ինչը օրենսդիր մարմնում կքննարկվի հունվարի 16-ին: