Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Հայկ Մարությանը: Քաղաքապետի խոսքով՝ հրատապ լուծումներ պահանջող խնդիրներն այս պահին քաղաքային իշխանությունները լուծել են: Մարությանն անդրադարձել է նաև շինթույլտվությունների խնդրին.
«Երբևիցե մարդիկ, որ ունեին հողակտոր, իրենց մտքով չէր անցնի, որ կարելի է դիմել քաղաքապետարան և շինթույլտվություն ստանալ: Այսօր բոլորը որոշել են, որ ուզում են կառուցապատումով զբաղվել, և մենք էլ մեծ հաճույքով այդ որոշումը ողջունում ենք, բայց միևնույն ժամանակ այս բոլոր դիմումների մշակումը ժամանակ է պահանջում, որովհետև մենք շատ կոնկրետ քաղաքականություն ունենք, որ այլևս ուղղակի շինթույլտվություններ չեն տրվելու, դրանք բոլորը պետք է նորմերին համապատասխանեն, և այս ամենը ճիշտ մշակելու համար, բնականաբար, ժամանակ է հարկավոր: Ֆիքսենք, որ շատացել են և՛ քանակը, և՛ որակը»,- ասել է քաղաքապետը:
Քաղաքապետը նաև հայտնել է, որ թղթեր չունեցող կրպակները ապամոնտաժվելու են: