Ձմեռային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում, ինչպես նաև ԶՈՒ ԳՇ երգի և պարի համույթում ծառայության նշանակելու ընտրության հանձնաժողովներն անցկացրել են լսումներ և դիտումներ:
Հանձնաժողովներում ընդգրկված էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության, ինչպես նաև ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:
Մասնագիտական ընտրության փուլը հաղթահարած զինակոչիկների անվանացուցակները ներկայացվելու են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հաստատմանը: Մասնագետ նորակոչիկները վիճակահանությամբ կհամալրեն ՀՀ ԶՈՒ ԳՇ և կայազորային զինվորական նվագախմբերը, ԶՈՒ ԳՇ երգի և պարի համույթը: