Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ձերբակալվել է այդ երկրում թուրքական Anadolu պետական լրատվական գործակալության գրասենյակի 4 աշխատակից:
Ձերբակալվածներից մեկը Թուրքիայի քաղաքացի է: Այս մասին գրում է Ermenihaber-ը: Ոստիկանությունը ձերբակալությունից առաջ խուզարկություն է իրականացրել Anadolu-ի գրասենյակում, առգրավել աշխատակիցների բջջային հեռախոսներն ու համակարգիչները:
Ձերբակալության ու խուզարկության պատճառը հայտնի չէ, քանի որ այդ մասին Եգիպտոսի պատկան մարմինները դեռևս որևէ հայտարարություն չեն արել:
Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Եգիպտոսի ոստիկանության գործողությունները:
«Anadolu գործակալության նկատմամբ իրականացված բռնի գործողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս Եգիպտոսի իշխանությունների անհանդուրժողական վերաբերմունքը մամուլի նկատմամբ և ժողովրդավարության անմխիթար վիճակն այդ երկրում»:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ թուրքական կողմը սպասում է գործակալության ձերբակալված աշխատակիցների անհապաղ ազատ արձակմանը: