Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է «արմատական փոփոխություններ» կատարել երկրի Սահմանադրության մեջ՝ ամրապնդելով Պետդումայի դերն ու վերանայելով Դաշնային Ժողովի դերակատարումը: Այսպիսով, Ռուսաստանի ղեկավարը, հնարավոր է, ակնարկել է, թե ինչ է նախատեսում անել 2024 թվականից հետո, երբ կլրանա իր ժամկետը՝ գրում է The Washington Post-ը:
Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում Պուտինը կրկին առաջարկեց սահմանափակել նախագահական ժամկետը 2 անգամով՝ հասկացնելով, որ չի պատրաստվում գնալ երրորդ ժամկետի: Այնուամենայնիվ, ըստ թերթի, Ռուսաստանի նախագահի առաջարկությունը՝ Դաշնային ժողովի սահմանադրական կարգավիճակի ամրագրման և Պետական Դումային ավելի մեծ լիազորություններ տալու մասով, որ ներառում է նաև վարչապետի թեկնածության հաստատումը, կարող է նրա համար դառնալ այն ճանապարհը, որով նա կպահպանի իր քաղաքական լուրջ կշիռը նաև նախագահական ժամկետի ավարտից հետո:
Իր ելույթում, որ տևեց մոտ մեկ ժամ, Պուտինն ընդգծեց, որ նման փոփոխությունները պետք է հաստատվեն հանրաքվեի միջոցով, ինչն առաջինը կլինի 1993 թվականից ի վեր: Բացի այդ, Պուտինը առաջարկել է պետական պաշտոնյաների համար սահմանել արտասահմանյան քաղաքացիության սահմանադրական արգելք:
Դաշնային ժողովին ուղղված ուղերձում Ռուսաստանի ղեկավարը կենտրոնացել է շարքային ռուսների կյանքի որակի բարելավման վրա: Մասնավորապես, Պուտինը հանդես եկավ ծնելիության մակարդակի բարձրացման առաջարկով՝ ֆինանսական խթանման ուղին մատնանշելով երիտասարդ ընտանիքների համար: Նա նաև ուսուցիչների ցածր աշխատավարձի խնդիրը մեջտեղ բերեց, շեշտելով ուսուցիչների համար հավելավճարներ ներմուծելու անհրաժեշտությունը:
Նախագահի ներկա ելույթը եզակի էր շատ առումներով, քանի որ հեռարձակվում էր Մոսկվայի մի քանի խոշոր շենքերի վրա: Միևնույն ժամանակ, չնայած աստիճանական անկմանը, Պուտինի վարկանիշը շարունակում է բարձր մակարդակի վրա լինել, կազմելով մու 68%՝ հիշեցնում է The Washington Post-ը: