Փետրվարի սկզբին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքում կբացվի առաջին «Արմաթ» լաբորատորիան։ Բացմանը ներկա կլինեն Հնդկաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Համագործակցության ֆորմատն այնքանով է բացառիկ, որ ոչ թե Հնդկաստանից են ապագա խմբակավարներ գալիս Հայաստան վերապատրաստման, այլ այստեղից են «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներից երկուսը վեց ամսով մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ երեխաների համար և վերապատրաստումներ՝ ապագա խմբակավարների համար»,- նշում է «Արմաթ» ծրագրի համակարգող Աննա Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 6-9-ը «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած «ԴիջիԹեք 2019» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «BattleLab India Pvt LTD» ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար և սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով վերոնշյալ փաստաթուղթը, շեշտեցին կրթության ոլորտում միջազգային նման համագործակցության կարևորությունը։
«Հնդկաստանի մեր գործընկերները, տպավորված այն արդյունքներով, որ իրենք տեսան Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես (WCIT 2019) իրենց այցի ընթացքում ու դրանից առաջ, ուզում էին վստահ լինել, որ Հնդկաստանում գոնե մոտ որակ կստանան, այդ իսկ պատճառով խնդրեցին, որ մեր խմբակավարները գնան և դասընթացներ անցկացնեն»,- ավելացնում է ԱՏՁՄ ներկայացուցիչը։