Թբիլիսիի ադրբեջանական «Գաբալա» ռեստորանում նախօրեին ծեծկռտուք է եղել: Ռեստորանի հաճախորդ, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան կցորդ Վուգար Մամեդովին դուր չի եկել, որ երգիչները կատարել են հայ հեղինակի ռուսերեն երգը:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում երգիչ Աֆիք Նովրուզովն ասել է, որ այդ ռեստորանում սովորաբար տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են հյուրընկալվում, այս անգամ էլ հյուրերից մեկը պատվիրել է հայ Արսեն Շախունցի հեղինակած «Девочка, стоп!» հայտնի երգը:
Ադրբեջանցի դիվանագետը նախ վիրավորանքներ է հասցրել երգիչներին, ինչից հետո ծեծել է նրանց: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը չի կարողացել բերման ենթարկել ադրբեջանցի հաճախորդին, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:
Ռեստորանի ազգությամբ ադրբեջանցի երգիչներն ասել են, որ դեսպանի հետ մտերիմ հարաբերություններ ունեն, այսօր էլ հանդիպել են նրա հետ՝ դիվանագետի ոչ պատշաճ պահվածքի մասին խոսելու համար: Երգիչների խոսքով՝ դեսպանը ևս համակարծիք է նրանց հետ. հիմնական պահանջը մեկն է՝ աշխատանքից ազատել ու վտարել երկրից կռվարար դիվանագետին: