«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը հաղորդագրություն է տարածել Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ:
«Անկախությունը արցախցիների կյանքի իրավունքի միակ երաշխիքն է:
Բաքվի հայկական ջարդերից 30 տարի անց Ադրբեջանը շարունակում է հակահայկական ռասիզմը կիրառել որպես պետական քաղաքականության առաջնահերթություն:
«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակը միանում է ողջ աշխարհի հայությանը և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ ոգեկոչելու Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը:
Այդ օրը Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ղեկավարների ցուցումով հարյուրավոր հայեր զոհ դարձան Ադրբեջանի մայրաքաղաքում կազմակերպված ջարդերին: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ զոհվեց 90 և վիրավորվեց 700 մարդ: Ադրբեջանը իրականացրեց այս ջարդերը՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղի հայերի խաղաղ և ժողովրդավարական պահանջին:
«Կոտորածներն ադրբեջանական իշխանությունների կողմից հասարակության խտրական տեսլականի հետևանքն էր, որն այսօր նույնպես Բաքվի ռեժիմի վարած քաղաքականության մասն է կազմում»,- հայտարարել է Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:
Շրջանակը հիշեցնում է, որ Սումգայիթի, Կիրովաբադի և Բաքվի ջարդերը ադրբեջանական իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչությունը արմատախիլ անելուն միտված լայնածավալ զինված հարձակման նախաբանն էին: Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմը, որից 1994 թ. Լեռնային Ղարաբաղի հայերը հաղթանակով դուրս եկան, վերջիններիս դրդեց բնաջնջումից խուսափելու համար անկախություն հռչակել: Շրջանակը հիշեցնում է նաև, որ բազմաթիվ առիթներով Ադբրեջանի բռնապետ նախագահ Իլհամ Ալիևը «ողջ աշխարհի հայերին» բնորոշել է որպես «Ադբրեջանի թշնամիներ», և որ Ադրբեջանի քաղաքականության տևական և գիտակցված այս գիծը Հարավային Կովկասում վերջնական խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտն է:
«Բանակցություններ սկսելու համար նախ պետք է ընդունել հակառակորդի գոյությունը և չոտնահարել նրա անքակտելի իրավունքները։ Երբ Ադրբեջանի նախագահը պարգևատրում է հայատյաց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, երբ նա այրում է հայ հեղինակների գրքերը, ձերբակալում է Արցախ այցելած զբոսաշրջիկներին կամ իր երկրում ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությանը պատկանող կոթողները, դրանով իսկ ապացուցում է, որ պատրաստ չէ բանակցելու և, առավել ևս, խաղաղության համաձայնագիր կնքելու»,- եզրափակել է Գի Տեսիեն:
Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին հաշվի առնել Հարավային Կովկասում առկա քաղաքական իրողությունները և ապահովել Արցախի Հանրապետության վերադարձը բանակցությունների սեղան՝ համաձայն 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրի դրույթների: