Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է էմիրաթական «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Թարեք Աբդուլ Ռահիմ ալ Հոսանի հետ:
«Թավազուն» տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992-ին Աբու Դաբիում և գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը և «Թավազուն»-ի գործադիր տնօրենը շարունակել են իրենց նախկին հանդիպումներին սկսված քննարկումները համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և խորհրդի պատվիրակության հայաստանյան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ:
Խորհրդի գործադիր տնօրենը նշել է, որ ակնկալում են գործնական, արագ, երկարատև ու արդյունավետ համագործակցություն և մտադիր են առաջիկայում Երևանում բացել խորհրդի ներկայացուցչություն:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև նորագույն տեխնոլոգիաների, ստարտափերի, կրթական, գիտահետազոտական ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացմանը: