Հունվարի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը: Քննարկվել է հանձնաժողովի՝ 2019 թ. տեղի ունեցած 8 նիստում հաստատված ծրագրերի իրականացման ընթացքը և նախանշվել են առաջիկա անելիքները:
Անցյալ տարի համայնքների կողմից ներկայացված թվով 518 ծրագրային հայտերից հաստատվել է 483-ը՝ 23,76 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: Ընդ որում՝ հաստատված ծրագրերի մասով ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը եղել է 12,95 մլրդ դրամ:
Մի շարք ծրագրեր 2019 թ. չեն ավարտվել, և Հանձնաժողովի որոշմամբ արդեն իսկ հաստատված ծրագրերը կշարունակեն իրականացվել ընթացիկ տարում:
Քննարկվել են նաև համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետության բարելավման հարցեր: Փոխվարչապետը շեշտել է, որ սուբվենցիոն ծրագրերի միջոցով անհրաժեշտ է նաև խթանող մեխանիզմներ ստեղծել համայնքներում, որպեսզի նոր ենթակառուցվածքներ ձևավորելիս կիրառվեն արդյունավետ և արդիական լուծումներ: