Այս երկուշաբթի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ազդարարեց Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ձևավորման գործընթացի մասին: Դատաիրավական բարեփոխումների հնգամյա ծրագրով՝ հանձնաժողովը նախատեսվում է ձևավորել 2020-ի առաջին եռամսյակում:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը Սահմանադրության փոփոխությանը կողմ է, սակայն դեմ՝ կառավարության գործելաոճին:
«Երբ նախորդ իշխանությունը 2015-ին նախաձեռնում էր սահմանադրական փոփոխություններ, հանձնաժողովը ձևավորվեց պետական չինովնիկների 95 տոկոսի ներգրավմամբ: Այսօր մենք ունենք արդյունքը, որ սահմանադրական փոփոխությունները դարձել են հրամայական, հիմա, ցավոք սրտի, նույն սխալը կրկնում են գործող իշխանությունները»,- «Լուրեր»-ին ասել է Այվազյանը:
Վարդան Այվազյանի խոսքով՝ գործող Սահմանադրությունում խնդիրները շատ են, դրանցից ակնառուն, նրա կարծիքով, աստիճանակարգի խախտումն է:
«Սահմանադրական դատարանին, արդեն գիտեք՝ միտումնավոր, գործող ՍԴ-ի նախագահի կողմից ավելի բարձր դիրք է վերապահված, քան ժողովրդին պատկանող իշխանությանը: Ցանկացած սահմանադրական փոփոխություն կատարելու համար գործող Սահմանադրությամբ անհրաժեշտ է, որ հանրաքվեի դրվող նախագծի վերաբերյալ լինի ՍԴ-ի որոշումը՝ արդյոք այդ նախագիծը հակասո՞ւմ է Սահմանադրությանը: Աամենաբարձրը համարվում է ժողովրդի կարգը, անհեթեթություն է, որ ՍԴ-ն որոշի՝ ժողովրդի կողմից ընդունվելիք Սահմանադրությունը մայր օրենքին հակասո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասել է Այվազյանը: