Միջազգային մեդիան լայնորեն լուսաբանում է Ռուսաստանի Դաշնությունում ստեղծված նոր իրադրությունը: Հայտնի CNN հեռուստաալիքը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ու կառավարության ողջ կաբինետի հրաժարականը մեծ անակնկալ է որակել:
Եվ քանի որ անչափ հետաքրքիր է լսել ՌԴ ներքին իրողությունների վերաբերյալ, օրինակ, նաև ամերիկյան տեսակետը, ներկայացնենք CNN-ի մոսկովկան թղթակից Ֆրեդերիկ Փլեյթգենի ողջ զրույցը մեկնաբանի հետ:
- Մենք հրատապ լուրեր ունենք Մոսկվայից. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց իր, ինչպես նաև ողջ կառավարության հրաժարականի մասին: Սա զարմանալի քայլ է, որ ակնհայտորեն ոչ ոք չէր սպասում: Մոսկվայից մանրամասներով մեզ հետ կապվում է Ֆրեդերիկ Փլեյթգենը:
- Միանշանակ, ոչ մենք, ոչ էլ որևէ մեկը նման բան չէր սպասում: Ի դեպ, նույնիսկ այս լուրից հետո Ռուսաստանի պետական հեռուստատեսությունը շարունակեց հեռարձակվել՝ ինչպես միշտ. այնպես, որ՝ ակնհայտ է, որ սա նրանց համար նույնպես անակնկալ էր: Այնուհետև տեղի է ունեցել հետևյալը. տեսանյութ է հայտնվել, որում վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, այնուհետև հայտարարել է, որ ինքն ու իր ամբողջ կաբինետը հրաժարական կտան:
Դրանից հետո Վլադիմիր Պուտինը շնորհակալություն հայտնեց Մեդվեդևին և ասաց, որ ամեն ինչ չէ, որ ըստ պլանի է ընթանում, և ամեն ինչ չէ, որ ստացվում էր: Այնուամենայնիվ, նա շնորհակալություն հայտնեց Մեդվեդևին և նրա կառավարությանը: Վլադիմիր Պուտինը ասաց, որ առանձին-առանձին կկապի կառավարության բոլոր նախարարների հետ, և նրանցից ոմանք կկարողանան պահպանել իրենց պաշտոնները: Միևնույն ժամանակ, նրանք կմնան իրենց պաշտոններում՝ մինչև նոր կաբինետի ձևավորումը: Մինչ այս պահն իրավիճակն այսպիսին է. Դմիտրի Մեդվեդևը և նրա կառավարությունը հրաժարական կտան, բայց կգործեն, և այդ ժամանակ փոխարինող կգտնվի:
- Մաքս, այս իրադարձությունը եղավ Ռուսաստանի համար չափազանց կարևոր՝ Դաշնային ժողովին հասցեագրված ուղերձի օրը, որը նման է նրան, ինչ մենք ունենք: Այդ ուղերձի հեղինակը Վլադիմիր Պուտինն էր, բայց այն այնքան էլ հարուստ չէր սենսացիոն հայտարարություններով: Ի տարբերություն նախկինի, երբ Պուտինը խոսում էր, օրինակ, նոր զենքի, կամ՝ նոր արտաքին քաղաքականության կուրսի վերաբերյալ: Այնուամենայնիվ, հաղորդագրության վերջում Պուտինը մի հետաքրքիր բան ասաց. նա խոսեց սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք հենց նախագահին են վերաբերում: Պուտինն ասաց, որ ինքը չի ցանկանում, որ Ռուսաստանի նախագահը ավելի քան երկու անգամ գլխավորի այդ պաշտոնը: Ինչպես գիտեք, Պուտինն այժմ նախագահության չորրորդ ժամկետում է, նա ընդամենը կարճ քառամյա ընդմիջում ունեցավ: Ընդ որում, նա նաև կոչ արեց հանրաքվե անցկացնել:
- Միևնույն ժամանակ, Պուտինը խոսեց նաև լայնածավալ փոփոխությունների օգտին. օրինակ այն մասին, որ վարչապետը նշանակվի ոչ թե նախագահի կողմից, ինչպես՝ այժմ, այլ խորհրդարանի կողմից: Նա, իհարկե, դա անհրաժեշտ համարեց, կամ ինչպես ինքն ասաց՝ «առաջարկեց»: Բայց, ինչպես գիտեք, նրա խոսքն այստեղ շատ բան է նշանակում:
Այնպես, որ՝ Վլադիմիր Պուտինը որոշակիորեն կողմ է արտահայտվում լայնածավալ փոփոխություններին ինչպես սահմանադրության, այնպես էլ օրենսդրության և կառավարության հարցում: Ոմանք կարծում են, որ այս եղանակով Պուտինը պատրաստվում է 2024-ի իր ժամկետի ավարտին, բայց ինչպես դուք ճիշտ եք մատնանշել՝ լուրն այն մասին, որ ամբողջ կառավարությունը հրաժարական է տալիս, իրոք անակնկալ էր անգամ այն դեպքում, երբ Պուտինը քննադատեց կառավարությանը: Նա ասաց, որ վերջին տարիներին և հատկապես անցած տարվա ընթացքում սխալներ են թույլ տրվել:
Եվ, այնուամենայնիվ, Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի կողմից արված հայտարարություններն, ընդհանուր առմամբ, չափազանց անսպասելի էին: Շատ հետաքրքրական էր նաև նայել այդ կադրերը, երբ նրանք նիստերի դահլիճում ոչ պաշտոնական շփումներ էին ունենում իրենց հայտարարություններից առաջ, հետո նստեցին, և Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ ինքն ամբողջ կառավարության հետ միասին հրաժարական է տալիս:
Իհարկե, գլխավոր հարցն այն է, թե ինչ է լինելու այժմ Ռուսաստանի կառավարության նախարարների հետ, և նրանցից ով կկարողանա մտնել նոր կազմ: Եվ, իհարկե, ամենահետաքրքիր օրինակներից մեկը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն է, որը դարձել է երկրի արտաքին քաղաքականության դեմքը: Կլինի՞, արդյոք, որևէ փոփոխություն այս առումով: