Մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է Մանվել Գրիգորյանի բժիշկների, նրա փաստաբանների հետ: Իրականացվել են պարբերական այցեր, ուսումնասիրվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Այս մասին Պաշտպանը տեղեկություն է հրապարակել երեկ, և այդ աշխատանքները շարունակվել են այսօր վաղ առավոտից:
Մանվել Գրիգորյանին բուժող բժշկի գնահատմամբ՝ նրա առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Բժիշկները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին այսօր տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանին այցելել է նաև ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատուն և տվել բժշկական ցուցումներ՝ կապված սրտի խնդիրների հետ:
Մանվել Գրիգորյանը ներկայումս գտնվում է բժշկական հսկողության ներքո և դեղորայքային բուժում է ստանում:
Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մարդու իրավունքների պաշտպանի հունիսի 7-ի հայտարարությունից հետո, երբ հաղորդագրությունում նշվել էր, որ ՔԿՀ-ում պայմանները չեն բավարարում Մ.Գրիգորյանին անհրաժեշտ բժշկական հետազոտության ենթարկելու և բուժօգնություն ցուցաբերելու համար:
Մանվել Գրիգորյանի՝ ազատությունից զրկման վայրում ու քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվելու ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կատարել է բոլոր անհրաժեշտ գործողությունները ամբողջ ծավալով:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ գրավոր բարձրացրել է նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարց՝ կապված առողջական վիճակի հետ: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործը ներկայումս գտնվում է դատարանի վարույթում. օրենքն արգելում է Պաշտպանի կողմից դատական վարույթին միջամտություն, իսկ Մ. Գրիգորյանի նկատմամբ կալանքի վերացման իրավասությունը գործի քննության այս փուլում վերապահված է միայն դատարանին:
Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և իրավունքների հետ կապված հարցերը շարունակում է լինել Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: