Սասեքսի դուքս Հարրին ու դքսուհի Մեգանը որոշեցին հեռանալ թագավորական գործերից և կիսով չափ Կանադայում ապրել: Կանադայի վարչապետը վստահեցնում է, որ կանադացիները գոհ են այդ որոշումից՝ փոխանցում է BBC-ն և հավելում, որ առկա հարցերը շարունակում են անպատասխան մնալ:
Օրինակ՝ ո՞վ է վճարելու այդ ուրախության համար, և ինչ իրավական հիմնավորմամբ են բրիտանացի Հարրին ու ամերիկացի Մեգանը Կանադայում մշտական բնակություն հաստատելու:
«Կարծում եմ՝ կանադացիների մեծամասնությունը շատ գոհ է, որ այստեղ պիտի թագավորական ընտանիքի անդամներ ապրեն: Բայց թե դա ինչպես կլինի, և ինչ ծախսերի հետ գործ կունենանք, թեմայի շուրջ դեռ շատ քննարկումներ կլինեն»,- լրագրողներին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Կանադացիները մտահոգված են, մասնավորապես, այն հարցով, թե ո՞վ է հոգալու արքայազն Հարրիի և նրա կնոջ անվտանգության ծախսերը, իսկ առաջատար թերթերից մեկն էլ, BBC-ի փոխանցմամբ, կառավարությանը նույնիսկ կոչ է արել՝ Հարրիին ու Մեգանին Կանադայում ապրելու թույլտվություն չտրամադրել:
Սասեքսի դուքսն ու դքսուհին հրաժարվել են թագավորական ընտանիքի բյուջեից, բայց դա չի վերաբերում նրանց անվտանգության ապահովման ծախսերին: Բրիտանական ոստիկանությունը դեռևս պաշտպանում է թագավորական ընտանիքի անդամներին, և այդ գործը Մեծ Բրիտանիայի բյուջեի վրա տարեկան ավելի քան 100 միլիոն ֆունտ ստեռլինգ (130 միլիոն դոլար) է արժենում:
Կանադական մամուլի գնահատականների համաձայն՝ արդեն իրենց երկրում Հարրիի, Մեգանի և նրանց որդու՝ Արչիի պաշտպանությունը կարժենա տարեկան մոտ 1,3 միլիոն դոլար:
«Անվտանգությունը կարևոր խնդիր է: Հարրին ոչ մի շանս չունի երբևէ հասարակ, անհայտ քաղաքացու կյանքով ապրելու: Նա ծնվել է արքայական ընտանիքում»,- գրել է հայտնի հրապարակախոս Քեյթ Մալթբին:
Բրիտանական մամուլի փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն արդեն իսկ Եղիսաբեթ թագուհուն խոստացել է, որ Կանադան իր վրա կվերցնի Հարրիի ու Մեգանի անվտանգության ծախսերը, բայց այդ երկրի ֆինանսների նախարար Բիլ Մորնեոն մեկ այլ պատասխան է տվել:
«Մենք դեռ չենք մտածել այդ հարցի վերաբերյալ»,- դժկամորեն ասել է Մորնեոն:
Երկրորդ հարցն, ինչպես արդեն նշեցինք, բնակության իրավական հիմնավորմանն է վերաբերում: Օրենքի համաձայն՝ Բրիտանիայի և ԱՄՆ-ի քաղաքացիները կարող են Կանադայում գտնվել 6 ամսից մինչև 1 տարի, բայց երկրում բնակություն հաստատելու համար կոնկրետ թույլտվություն է անհրաժեշտ:
Անշուշտ, ՆԳ նախարարն իր լիազորությունները կարող է բանեցնել և համապատասխան փաստաթղթերն առանց քաշքշուկի հանձնել թագավորական ընտանիքի անդամներին: Բայց, ի վերջո, նաև պիտի հանրային կարծիքի՛ հետ հաշվի նստել:
Չնայած վարչապետի հավաստիացմանը՝ հունվար ամսվա սկզբին Կանադայում անցկացված հարցումները ցույց տվին, որ քաղաքացիների 61%-ը ցանկանում է արքայազն Հարրիին Կանադայի գեներալ-նահանգապետ, այսինքն՝ Բրիտանիայի թագուհու արարողակարգային ներկայացուցչի, ոչ թե հասարակ բնակչի կարգավիճակում տեսնել:
Բայց եթե նույնիսկ լրջորեն քննարկվի այս սցենարը, կնշանակի, որ Հարրին ու Մեգանը չեն կարող իրականացնել աչքից հեռու պարզ ու հասարակ կյանքով ապրելու իրենց երազանքը, որովհետև այդ դեպքում, նրանք նորից և անընդհատ տեսախցիկների առաջ կլինեն:
Ուրեմն, եթե դա էլ չլինի, կանադացիների համար պակաս կարևոր չէ հարցը, թե ու՞մ միջոցներով են դուքսն ու դքսուհին Կանադայում ապրելու, եթե նույնիսկ իրենց երկիրը բարեհոգաբար իր վրա վերցնի նրանց անվտանգության ծախսերը:
Հարրին ու Մեգանն այս պահին մոտ 30 միլիոն դոլար ունեն, որ ժառանգություն են ստացել արքայազն Դիանայից ու նախատատիկ Եղիսաբեթից՝ գրում է BBC-ն, հիշելով, որ դրանից բացի, Suits սերիալում նկարահանվելու ժամանակ Մեգանը տարեկան համարյա կես միլիոն դոլար է աշխատել: