Իրանի նախագահ Հասան Ռոհանին մերժել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչը՝ վերանայելու 2015-ին Վիեննայում ստորագրված միջուկային համաձայնագրի պայմանները: Ընդ որում, բրիտանական առաջնորդն իրանական միջուկային համաձայնագրի նոր տարբերակը անվանել էր «Թրամփի գործարք»՝ փոխանցում է Fars-ը:
Ռոհանին Բորիս Ջոնսոնի այս առաջարկը տարօրինակ է համարել՝ միաժամանակ քննադատելով եվրոպական տերություններին, որոնք, տարիներ ի վեր, գործող համաձայնագրին մարտահրավեր նետելու մեխանիզմներ են ստեղծում: Մի բան, ինչն ըստ Իրանի ղեկավարի՝ ԵՄ-ին թույլ կտա վերականգնել պատժամիջոցներն իր երկրի դեմ:
«Իրանը ցանկացած պահի պատրաստ կլինի վերադառնալ համաձայնագրերով նախատեսված պայմաններին, բայց այժմ մե՛նք էլ պայման ունենք. դրա համար անհրաժեշտ է ԱՄՆ բոլոր պատժամիջոցների վերացումը»,- հայտարարել է Իրանի նախագահը, միաժամանակ ԱՄՆ-ին մեղադրելով տարածաշրջանն անկայունացնելում:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ արեց այնպիսի մի նոր պայմանագիր կնքել Իրանի հետ, որը կհամապատասխանի ԱՄՆ-ի պահանջներին: Միևնույն ժամանակ նա շեշտեց, որ ո՛չ Մեծ Բրիտանիան, ո՛չ ԱՄՆ-ը պատերազմ չեն ցանկանում Իրանի հետ:
«Բայց այսպես, թե այնպես՝ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի Իրանը միջուկային զենք ունենա»,- ասել էր Ջոնսոնը: