Գերմանիան, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը փորձում են փրկել Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը: Նրանք մշակել են մեխանիզմ, որը պետք է փրկի գործարքը: Վեճերի լուծման մեխանիզմը չի նախատեսում պատժամիջոցների կիրառում: Այն պետք է նպաստի, որ համաձայնագրի իրականացման հետ կապված հարցերը լուծվեն Համատեղ հանձնաժողովի շրջանակում և վերադարձ լինի 2015 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարմանը:
ԱՄՆ-ը պաշտպանել է եվրոպական երեք պետության այս նախաձեռնությունը, քանի որ ամերիկյան կողմը դա ընդունում է որպես «դիվանագիտական և տնտեսական ճնշում» Թեհրանի վրա: Այս մասին հայտարարվել է ԱՄՆ պետքարտուղարությունում:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, հակառակը, իր «խոր հիասթափությունն ու լուրջ անհանգստությունն» է հայտնել եվրոպական երկրների այս քայլի կապակցությամբ: Ռուսաստանը կոչ է արել Բեռլինին, Լոնդոնին և Փարիզին՝ «չսրել իրավիճակը», համոզված, որ վեճերի լուծման մեխանիզմի օգտագործումն անհնար կդարձնի վերադարձը բուն գործարքին:
Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին, երբ Միացյալ Նահանգները միակողմանի դուրս եկավ համաձայնագրից, Թեհրանը հրաժարվեց կատարել ստանձնած պարտավորությունների մի մասը: Վաշինգտոնը պատասխանեց՝ խստացնելով Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և ռազմանավեր ու կործանիչներ ուղարկեց Մերձավոր Արևելքի տարածաշրջան:
Հունվարի 6-ին էլ Թեհրանը հայտարարեց, որ հրաժարվում է «միջուկային գործարքի վերջին առանցքային սահմանափակումից՝ կապված ցենտրիֆուգների քանակի հետ» և նշեց, որ այժմ «Իրանը միջուկային ծրագրի հարցում սահմանափակումներ չունի»: