ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցագործության մասին հաղորդում ստանալով ՀՀ քաղաքացուց, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ քաղաքացիներից մեկը հեռախոսազանգերով և տեղանշած վայրերում թողնված նամակներով ՀՀ ՊՆ Լոռու մարզի տարածքային զինվորական կոմիսարից՝ զորակոչային տարիքի հասած 3 երիտասարդներին ժամկետային զինվորական ծառայությունից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ իբր ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով, 2019 թ. հոկտեմբերին շորթմամբ պահանջել է 2 հաշվեհամարների փոխանցել առանձնապես խոշոր՝ 30.000 ԱՄՆ դոլարի չափով գումար։
Իրականացված ստուգողական գործողությունների ընթացքում ձեռք են բերվել լրացուցիչ տվյալներ նույն հեռախոսահամարի օգտատիրոջից մեկ այլ ՀՀ քաղաքացուց՝ երեխաներին ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու արատավորող տեղեկությունը ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հայտնելու սպառնալիքով առանձնապես խոշոր՝ 15.000 ԱՄՆ դոլարի չափով, գումար պահանջելու վերաբերյալ։
Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործների ինքնությունը բացահայտվել է, անձինք պարզաբանվել են: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը 2019 թ. նոյեմբերի 21-ին փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ըստ քննչական ենթակայության նախաքննությունը շարունակելու համար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: