Շիա աստվածաբան Մուքթադա աս-Սադրը կոչ է արել զանգվածային բողոքի ցույց անցկացնել, պաշտպանելով Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերման՝ պաշտոնական Բաղդադի հորդորը: Խորհրդարանական «Աս-Սայրուն» դաշինքի առաջնորդն իրենց աստվածաբանի կոչը ձևակերպել է՝ որպես «Միլիոնների ճակատամարտ»՝ հաղորդում է քրդական Rudaw-ը:
«Երկինքը, երկիրը, Իրաքի ինքնիշխանությունն ամեն օր խարխլվում են զավթիչների կողմից: «Միլիոնների ճակատամարտը» կլինի խաղաղ ցույց, որը կմիավորի իրաքցի բոլոր քաղաքացիներին՝ ամերիկյան ներկայությունը դատապարտելու մեջ»,- հայտարարել է Մուքթադա աս-Սադրը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 5-ին, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ուժերի հրամանատար, նահատակ Ղասեմ Սոլեկմանիի սպանությունից 2 օր անց, Իրաքի խորհրդարանը բանաձև ընդունեց, որով պահանջում էր դուրս բերել ամերիկյան զորքերն իրենց երկրից:
Բայց նույնիսկ դրանից առաջ, Իրաքում գործող «Քաթաիբ Հըզբոլլահ» խմբավորման հենակետերին հարվածելուց հետո, Աս-Սադրը հայտարարել էր, որ պատրաստ է համագործակցել նույնիսկ իր քաղաքական հակառակորդների՝ իրանամետ շիական շարժումների հետ, Իրաքից ամերիկացի զինվորների վտարմանը հասնելու համար:
«Եթե մենք չկարողացանք այդ նպատակին հասնել քաղաքական և իրավական եղանակով, մենք կդիմենք այլոց»,- Իրաքի խորհրդարանում հայտարարել է «Աս-Սայրունի» առաջնորդը:
Հիշեցնենք նաև, որ Մուքթադա աս-Սադրը, որպես շիա, Գերագույն հոգևոր առաջնորդ է ընդունում ոչ թե Իրանի Այաթոլլա Ալի Խամենեին, այլ, այսպես կոչված, նրա իրաքյան մրցակից Այաթոլլա Ալի Սիստանիին: