ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ Իտալիայի օդային երթևեկության կառավարման որոշ արհմիությունների կողմից սույն թվականի հունվարի 14-ին հայտարարվել է գործադուլ՝ չորս ժամ տևողությամբ: Այն նախատեսվում է սկսել Իտալիայի ժամանակով ժամը 13:00-17:00-ը, որի ընթացքում մի շարք թռիչքներ չեղարկվելու են:
Հաշվի առնելով այն փաստը, որ հունվարի 14-ին նախատեսվում է իրականացնել Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան Հռոմ և Միլան քաղաքներից, ուստի անհրաժեշտություն է առաջացել թռիչքները իրականացնել ուշացումներով՝ նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:
Համաձայն Ryanair ավիաընկերությունից ստացված տեղեկատվության՝
Միլան – Երևան FR4456 չվերթը Միլանի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին՝ Միլանի ժամանակով ժամը 08:40-ին,
Երևան – Միլան FR4457 չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:20-ին,
Հռոմ – Երևան FR4454 չվերթը Հռոմի օդանավակայանից կմեկնի հունվարի 14-ին՝ Հռոմի ժամանակով ժամը 17:00-ին,
Երևան – Հռոմ FR4455 չվերթը «Զվարթնոց» օդանավակայանից կմեկնի հունվարի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00:20-ին:
Ուղևորներին հորդորում ենք հետևել Ryanair-ի կողմից ստացվող հաղորդագրություններին։