Շվեյցարական «Berner Zeitung» թերթը «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» վերնագրով հոդված է հրապարակել Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին՝ այն գնահատելով դրական:
Հոդվածում նշվում է, որ Հայաստանի վարչապետը շուրջ մեկուկես տարի պայքարել է և կարող է հաջողություն գրանցել՝ կոռուպցիայի դեմ պայքարի և ժողովրդավարության հաստատման գործում:
Հոդվածագիր Ֆրան Նիհույսենը գրում է՝ Սերժ Սարգսյանի կարիերան պարզ էր, պլանավորված. հայերը երկու անգամ նույն մարդուն պատրաստ էին ընտրել հարավկովկասյան երկրի նախագահ, բայց ոչ դրանից ավելին: Դրա համար էր նա 2018-ի ապրիլին ուզում դառնալ երկրի վարչապետ, այդ պաշտոնը իրեն էր սպասում, և ինչպես ծրագրված էր՝ հենց նա էլ ընտրվեց (առաջին անգամ Հայաստանում սահմանադրական փոփոխություններից հետո անցում էր կատարվում խորհրդարանական կառավարման մոդելին, և խորհրդարանն էր ընտրում վարչապետին.- խմբ.):
«Դա 100 հազար մարդ փողոց հանեց, գործընթացը հետագայում կրեց թավշյա հեղափոխություն անունը: Այնքան մեծ էր ցուցարարների ուժը, որ Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց իշխանությունը: Մեկ տարի անց նա 70 տոկոս ձայն ստացավ խորհրդարանական ընտրություններում: Դրանից հետո Փաշինյանը փորձում էր պայքարել կոռուպցիայի դեմ, արդյունքում՝ Հայաստանը թևակոխեց նոր ժամանակներ, իսկ Սերժ Սարգսյանին սպառնում է ազատազրկում: Դեկտեմբերին նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դրամական չարաշահումների հետ կապված: Իրավապահները Սարգսյանին առնչվող՝ վատնումների գործով քրեական գործ են հարուցել, նրան մեղադրելով խոշոր ֆինանսական չարաշահումների համար: Սարգսյանը միակ նախագահը չէ, որի հանդեպ իրավապահները քրեական հետապնդում են սկսել: Իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն ճաղերի հետևում է: Բացի այդ, պաշտոնից ազատվել են ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ղեկավարները: Քոչարյանը մեղադրանքը համարում է քաղաքական հաշվեհարդար, մինչդեռ Փաշինյանը և հանրությունը սպասում են կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի արդյունքներին: Ըստ հոդվածագրի՝ կոռուպցիայի դեմ այժմ մղվում է համակարգված պայքար, որը վերաբերում է նաև բարձրաստիճան պաշտոնյաներին»,- նշվում է հոդվածում:
Անդրադառնալով Հայաստան զբոսաշրջային մեծ հոսքերին՝ հոդվածագիրը տեղեկացնում է, որ մի քանի շաբաթ առաջ Քիմ Քարդաշյանն էլ էր քրոջ հետ ժամանել Հայաստան, որպեսզի իր երեխաներին մկրտի Էջմիածնի տաճարում (Քարդաշյանը 2019 թ. հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում մասնակցել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր WCIT ֆորումին.-խմբ.):
«Երկար տարիներ հայ ժողովուրդը ծանրաբեռնված է եղել հոգսերով, երկիրը զրկված է դեպի ծով ելքից, շրջապատված է երկու թշնամական երկրով՝ Թուրքիա և Ադրբեջան, որոնց քաղաքականությունն իրականացնում են ավտորիտար անհատներ՝ թաղված կոռուպցիայի մեջ և իրար հետ կապված՝ ընտանեկան կապերով: Այս տարիների ընթացքում բազմաթիվ հայեր են հեռացել Հայաստանից և արտերկրից փող են ուղարկում հարազատներին: Փաշինյանն ընտրություններում հաղթանակից հետո մի ձեռքբերում ունի՝ նրա թիկունքն անխոցելի է՝ ժողովրդի վստահության շնորհիվ»,-նշում է շվեյցարական թերթը:
Համաշխարհային բանկն իր զեկույցում նշել է, որ Հայաստանի համար նախատեսում է գրեթե 8 տոկոս տնտեսական աճ՝ եկող տարվա համար: Որտեղի՞ց է գոյանալու գումարը: Բազմաթիվ տուրիստներ են եկել, դրանց մեծ մասը՝ Իրանից: Համաշխարհային բանկի հայտարարության համաձայն՝ Հայաստանը բարելավել է նաև ներդրումային միջավայրը: Տնտեսության գումարները գալիս են պետական բյուջե: Կառավարությունը ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքներում, կառուցվում են ռազմավարական նշանակության ճանապարհներ՝ Իրան-Հայաստան-Վրաստան և ելք դեպի Եվրոպա: Բայց ճանապարհների կառուցումը երկարաձգվել է կոռուպցիոն սխեմաների պատճառով: Բարձրացել են զինծառայողների, բժիշկների աշխատավարձերը, կբարձրանան նաև կենսաթոշակները: Այդ բարձրացումները կատարվում են պետբյուջեի մուտքերի ավելացման շնորհիվ: Վարչապետը դա պայմանավորում է կոռուպցիայի դեմ պայքարով: Սակայն դեռ բոլորը չէ, որ զգում են հեղափոխության շնորհիվ կատարված փոփոխությունները, ժողովրդի սպասելիքները շատ ավելի մեծ են, բայց իրավիճակը գնալով բարելավվում է: