Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով օրերս ամենաշատը քննարկվող որոշ ծննդատների փակման թեմային, նշել է, որ նախարարությունը ծննդատների փակմամբ ոչ թե խանգարում, այլ խթանում է ծնունդների ավելացմանը՝ որակյալ բուժօգնություն մատուցելով ծննդկաններին, դրանով իսկ մարդկանց ծննդաբերելու ցանկությունն ավելացնելով:
«Ոչ պատշաճ ծննդատուն, որոշների դեպքում՝ կատաստրոֆիկ ոչ պատշաճ, որոշների դեպքում՝ թվային առումով ոչ այդքան պատշաճ ծառայություններ մատուցող հաստատություններ պահելով չէ, որ մենք պետք է ծնելիություն ավելացնենք, այլ հակառակը՝ պատշաճ, որակյալ, հասանելի, պետության կողմից երաշխավորված բուժօգնությամբ: Միանգամից նշեմ, որ այս տարի մենք մոտ 700 միլիոն դրամ ավել գումար ունենք հենց ծննդօգնության ծառայությունների մեջ դրված, որոնք ռեզերվ ենք պահել՝ ծնունդների ավելանալու դեպքում ֆինանսավորենք ծննդօգնության ծառայությունները: 1.9 միլիարդ դրամ միայն ծննդօգնության ծառայությունների վրա ունենք դրված: Զարգացնելու ենք ոլորտը այդ ճանապարհով, ոչ թե պարզապես ֆիզիկապես ոչ այդքան պատշաճ հաստատություններ պահելով»,- ասել է Արսեն Թորոսյանը: