Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարության կարևոր անելիքներից է զբոսաշրջության ոլորտում վարվող քաղաքականությունն ու այդ ուղղությամբ կատարած աշխատանքը: Նախարարը նշել է, որ 9 ամսվա արդյունքներով 14.4%-ով աճել է ներգնա տուրիզմը՝ հավելելով, որ ներգնա տուրիզմն աճել է այնպիսի երկրներից, որտեղից այցելությունները գերազանցում են 30-40%-ը:
«Գերմանիայից այցելությունների քանակն աճել է 45%-ով, Ֆրանսիայից՝ 21%-ով, Նիդեռլանդներից Հայաստան այցելածների քանակն աճել է 23%-ով: Եվրամիության մի շարք երկրներից Հայաստան ժամանողների թվի աճը վկայում է, որ արդյունավետ են այն քարոզչական կամ մարքեթինգային գործիքները, որոնք կիրառվում են կոմիտեի կողմից»,- նշել է նախարարը:
2019-ի ընթացքում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով զբոսաշրջության կոմիտեն Հայաստան է հրավիրել ավելի քան 50 ԶԼՄ ներկայացուցիչների աշխարհի տարբեր կողմերից և բլոգերներ՝ տարբեր թիրախային շուկաներից. ներառում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ն, Լեհաստանը:
«Այդ այցերի արդյունքում ապահովվել է Հայաստանի մասին 5 միլիոնից ավելի դիտում և 50-ից ավելի հոդվածների հրապարակում: Սա այն հիմքն է, որ մեզ թույլ է տալիս մտածել, որ 2020-ի ընթացքում կունենանք ներգնա զբոսաշրջության ցուցանիշների ոչ պակաս աճ, ինչը նաև իր հերթին նպաստում է զբոսաշրջության հետ կապ ունեցող ծառայությունների ոլորտի զարգացմանը»,- ասել է Տիգրան Խաչատրյանը: