Հիրոսիմա ու Նագասակի քաղաքների մոխրանալուց հետո անցել է 75 տարի, 50 տարի էլ անցել է այն օրից, երբ սկսեց գործել Միջուկային զենքի չտարածման վերաբերյալ պայմանագիրը: Այսօր, սակայն, աշխարհն ավելի շատ է գտնվում միջուկային սպառնալիքի տակ, քան Կարիբյան հրթիռային ճգնաժամի ժամանակ:
Աշխարհում միջուկային սպառազինության մրցավազքին է անդրադարձել ամերիկյան Bloomberg պարբերականը՝ ընդգծելով, որ միջուկային պատերազմի սպառնալիքն աճում է միջուկային սպառազինության տարածմանը զուգահեռ: Հոդվածագրի հավաստմամբ՝ ԱՄՆ-ի հետ դիմակայության ֆոնին Իրանը կարծես տարված է միջուկային սեփական սպառազինություն ունենալու գաղափարով: Պարբերականը գրում է, որ Իրանը դրան կարող է հասնել մեկ տարում: Եթե դա տեղի ունենա, ապա գրեթե վստահաբար կարելի է ասել, որ Սաուդյան Արաբիան ու Թուրքիան նույնը կանեն: Միաժամանակ, Իսրայելն արդեն զինված է: Ասիայում էլ կան միջուկային մի քանի «թեժ կետեր»: Եվ ամենասարսափելի սցենարի դեպքում, ցանկացած պահի այն կարող է ընկնել ահաբեկիչների ձեռքը: Միջուկային զենքի տարածումը դանդաղեցնելու համար մինչև այսօր գործում է միջուկային զենքի չտարածման պայմանագիրը, որը ստորագրել է 191 պետություն: Յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ դիվանագետները հանդիպում են խիստ վտանգավոր թեման քննարկելու համար: Հաջորդ հանդիպումը նախանշված է Նյու Յորքում ապրիլին: Ակնկալիքները քիչ են, վախերը՝ շատ:
1960-ականներին Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը կնքելիս աշխարհում կային հինգ միջուկային տերություններ՝ ԱՄՆ-ը, ԽՍՀՄ-ը, Չինաստանը, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, որոնք խոստացել էին աշխատել իրենց միջուկային սպառազինությունը կրճատելու վրա: Իսրայելը, Պակիստանն ու Հնդկաստանը, որոնք միջուկային զենք են ձեռք բերել ոչ պաշտոնապես, երբեք չեն ստորագրել պայմանագիրը, իսկ Հյուսիսային Կորեան դուրս է եկել համաձայնագրից: Bloomberg-ը նշում է, որ պայմանագիրը միջուկային սպառազինության տարածումը զսպող միջոց է, և եթե այդ համաձայնագիրը չլիներ, ապա մի շարք երկրներ արդեն միջուկային զենք կունենային: