Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։
Նշենք, որ Մ. Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Մարիաննա Արտյոմի Մխիթարյանը 1986-1992 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց): Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական, Երևանի Էքսպերիմենտալ թատրոնում՝ որպես ռեժիսոր և դերասանուհի:
1992 թ.-ից աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: