Թուրքիայի պատմության ամենահայտն ֆուտբոլիստներից Հաքան Շյուքուրը մարզական կարիերայի ավարտից հետո քաղաքականություն էր մտել: Կարճ ժամանակ անց Թուրքիայում քաղաքական հետապնդումների է ենթարկվու և, ի վերջո, ստիպված է լինում հեռանալ Թուրքիայից, տեղափոխվում ԱՄՆ: Շյուքուրն այժմ ապրում է Վաշինգտոնում, նա դարձել է տաքսու վարորդ։ Eurosport-ը հարցազրույց է վարել Շյուքուրի հետ:
Մարզական կարիերայի ավարտից հետո թուրք ֆուտբոլիստը մտել էր քաղաքականություն, դարձել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ։ Որոշ ժամանակ անց Շյուքուրի և Թուրքիայի նախագահ Էրդողանի միջև տարաձայնություններ են ծագել, ինչից հետո նախկին ֆուտբոլիստը լքել էր կուսակցության շարքերը։
Կուսակցության շարքերից հեռանալուց հետո Շյուքուրի դեմ արշավ էր սկսվել, և իշխանությունների հրամանով նրա բանկային հաշիվները սառեցվել էին։ Նման պայմաններում Շյուքուրը լքել է Թուրքիան և հաստատվել ԱՄՆ-ում, իսկ 2016 թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Շյուքուրին թուրքական իշխանությունները մեղադրել են երկրում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի հետ կապերի համար։
«Ես սկսել եմ աշխատել տաքսու վարորդ, որովհետև ոչինչ չունեմ այս աշխարհում: Էրդողանը ինձնից խլեց ամեն ինչ, այդ թվում և՝ իմ խոսքի ազատության իրավունքը։ Նրանք քարեր էին նետում Թուրքիայում իմ կնոջը պատկանող խանութների վրա, իսկ իմ երեխաները հարձակման էին ենթարկվում փողոցում։ Երբ լքեցի երկիրը, իմ հորը կալանավորեցին, ինչ ունեի՝ առգրավեցին, իմ մերձավորները նույնպես ֆինանսական դժվարությունների մեջ հայտնվեցին»։
Հաքան Շյուքուրի ֆուտբոլային աստղը փայլեց 2002-ին Ճապոնիայում և Հարավային Կորեայում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ։ Մեծապես հենց Հաքան Շյուքուրի և մեկ այլ թուրք ֆուտբոլիստ՝ Հասան Շաշի խաղի փայլուն խաղի արդյունքում Թուրքիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը։ Շյուքուրը նաև աշխարհի առաջնությունների պատմության ամենաարագ գոլի հեղինակն է: 2002 թ. աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում նա 11-րդ վայրկյանին գրավել էր Հարավային Կորեայի դարպասը: